Որևէ փաստական հիմք չկա. ՀՀ ՔԿ–ն` զինվորականների ծեծի մասին ԶԼՄ հրապարակման վերաբերյալ

ՔԿ-ից նաև հայտնում են, որ այդ անձանց հետ իրականացված համապատասխան քննչական գործողությունների ընթացքում նրանց նկատմամբ որևէ նման բռնություն չի իրականացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. «Հրապարակ» թերթի հրապարակումն այն մասին, թե իբր Տավուշի մարզի Կիրանց բնակավայում ակցիա իրականացնողներին այցելած ՀՀ ԶՈՒ մի քանի զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի փորձեր են եղել, և նրանք, իբրև թե, դաժան ծեծի են ենթարկվել, իրականությանը չեն համապատասխանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Լրատվամիջոցը գրել էր, որ զինվորականների զղջման տեքստերին նախորդել են բռնության, սպառնալիքների փորձերը: Անգամ լուրեր կան, որ զինվորականները դաժան ծեծի են ենթարկվել:
«Թերթի հրապարակումը մտացածին է և ինչպես սովորաբար լինում է նման ոճի հրապարակումների պարագայում՝ որևէ փաստական հիմք չունի»,– նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այդ անձանց հետ իրականացված համապատասխան քննչական գործողությունների ընթացքում նրանց նկատմամբ որևէ նման բռնություն չի իրականացվել, և գրվածն այդ առումով զուտ բամբասանքային ենթադրություն է։
Հիշեցնենք, որ ապրիլի 26–ի ուշ գիշերին համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ:
Հաջորդ օրը ՀՀ քննչական կոմիտեն հրապարակեց տեսանյութ, որտեղ զինվորականները ներողություն են խնդրում իրենց քայլի համար։ Նրանց նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։