ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Վերջին ամսում փոխարժեքը ոչ մեծ չափով, բայց նվազել է, ինչը հիմնականում պայմանավորված է ներհոսքի գերազանցմամբ։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր տեղեկացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Եթե մինչև այսօր ԱՄՆ դոլարի փոխարժեքը 400 դրամի շրջանակում էր, ապա հիմա այն կազմում է 390 դրամ, այսինքն` ՀՀ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի` մոտավորապես 2.5 տոկոսի արժեզրկում կա։
«Մենք ունենք բավականին մեծ առևտրային հոսքեր, դրանք կարող են ազդել փոխարժեքի վրա, զբոսաշրջային հոսքերը կարող են ազդել, կապիտալի ներհոսքը կարող է ազդել։ Դժվար է ասել, թե որ գործոնի ազդեցության տակ են տեղի ունենում փոխարժեքի տատանումները, բայց այն, ինչ տեսնում ենք շուկայում, դա պահանջարկի ավելի թույլ լինելն է առաջարկի նկատմամբ։ Այսինքն` նրանք, ովքեր ցանկանում են դոլար վաճառել, ավելի մեծ թիվ են այսօր կազմում երկրում»,– նշեց ԿԲ նախագահը։
Ըստ նրա` ԿԲ–ն հետևում է զարգացումներին, ու քանի որ մեր երկիրը ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն է վարում, կենտրոնական բանկը կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ տեսնում է, որ շուկայում ոչ բնականոն զարգացումներ են։
Գալստյանը չբացառեց, որ որոշակի խնդիրներ ունենում են մեր արտահանող տնտեսվարողները, որոնց համար դոլարի ցածր փոխարժեքը ռիսկի մի գործոն է, ինչը պետք է հաշվի առնեն իրենց բիզնեսները կառավարելիս։
Նա վստահեցրեց, որ ԿԲ–ն փորձում է իր քաղաքականությամբ ու իրականացրած գործողություններով լինել հնարավորինս աչալուրջ այդ խնդիրների նկատմամբ։