ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հաղորդումները Հայաստանի հանրային մուլտիպլեքսում կփոխարինվեն մշակութային կամ գեղարվեստական ծրագրով։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով 2023թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը։
Մարտի 29–ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:
«Քաղաքացիական պայմանագիր» դաշինքի պատգամավոր Սոնա Ղազարյանը հարցրեց, թե ինչու է Հայաստանում սահմանափակվում միայն Վլադիմիր Սոլովյովի հաղորդումը, բայց ոչ, օրինակ, Դմիտրի Կիսելյովինը, որ, ըստ նրա, նույնպես հակահայկական է ու հակապետական է։
Տիգրան Հակոբյանի խոսքով ՝ Sputnik Արմենիա ռադիոկայանի և այն վերահեռարձակող «Տոսպա»-ի դեպքում հանձնաժողովը լիարժեք գործիքակազմ ունի բովանդակության դեմ պայքարելու համար, ինչն էլ արվել է (նկատի ունի Sputnik ռադիոկայանի եթերազրկումը 30 օրով)։
«Ինչ վերաբերում է հեռուստաընկերություններին, ապա դրանք գործում են միջկառավարական պայմանագրի շրջանակներում, և հանձնաժողովի լիազորությունն է մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմել և ուղարկել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն»,- նշեց Հակոբյանը` հավելելով, որ մինչև վերջերս նախարարությունը իրենց արձանագրած խախտումների վրա ուշադրություն չէր դարձնում։
Տիգրան Հակոբյանը միաժամանակ կոչ արեց չօգտագործել «հակահայկական» բառը հաղորդումների ներկայացման համատեքստում։ Ըստ նրա` խոսքը պետք է լինի օրենսդրության խախտումների մասին։
Հիշեցնենք` Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2020թ․ դեկտեմբերի 30-ից գործում է զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը կարգավորում է ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում և հայկական հեռուստաալիքներինը ՌԴ–ում։