ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՌԴ–ից ՀՀ դրամական փոխանցումների բացարձակ ծավալի նվազում ունենք։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ըստ նրա` դա մասամբ կարող է պայմանավորված լինել «Միր» վճարահաշվարկային համակարգի խնդրի հետ, բայց շատ ավելի մեծ ու ազդեցիկ գործոններ կան` աշխարհաքաղաքական, տնտեսական, որոնք էական ազդեցություն են թողնում փոխանցումների շարժերի վրա։
Այս տարվա հունվար–մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոխանցումների զուտ ներհոսքը նվազել է մոտ 50 տոկոսով, իսկ ոչ առևտրային բնույթի փոխանցումները` մոտ 55 տոկոսով։
Գալստյանի կարծիքով` որոշ ժամանակ անց ԿԲ–ն հետազոտություն կանցկացնի նաև ՀՀ աշխատանքային միգրանտների հարցով (գաղտնիք չէ, որ փոխանցումների առյուծի բաժինը նրանց է ընկնում), որտեղ ԿԲ–ն կարող է վարքագծային որոշակի միտումներ բացահայտել։
«Այսինքն` երբ և՛ ՌԴ–ում, և՛ ՀՀ–ում կա որոշակի ստեղծված իրավիճակ, արդյոք այդ մարդիկ նույն կամեցողությամբ ու նույն պլանավորմա՞մբ են շարունակելու աշխատել ՌԴ–ում, թե ոչ։ Ոմանք, օրինակ, ցանկանում են վերադառնալ ՀՀ, քանի որ հարաբերական այդ աշխատավարձերի ճեղքը շատ ավելի փոքր է հիմա, քան սրանից մի 10 տարի առաջ»,– ասաց ՀՀ ԿԲ նախագահը։
Հետազոտության մեջ ԿԲ–ն հիմնականում կանդրադառնա ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտներին, քանի որ մյուս երկրներ մեկնողների ծավալը շատ ավելի փոքր է։ Թե երբ կանցկացվի այդ հետազոտությունը, Գալստյանը դժվարացավ պատասխանել` նշելով, որ դեռ պլանավորում են։