ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում որոշակի խնդիրներ կան, բայց այդ հարցերի շուրջ երկխոսություն է ընթանում։ Այս հայտարարությունն արել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Al-Jazeera»-ին տված հարցազրույցում։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, և, այո՛, մենք ունենք երկխոսություն այդ հարցերի շուրջ։ Դրանց մեջ կան հարցեր, որոնց շուրջ պետք է լիակատար և փոխըմբռնում, բայց ես կարծում եմ, որ այդպիսի խնդիրներ բոլոր հարաբերություններում կան»,– ասել է Միրզոյանը:
Լրագրողը հարցրել է` արդյոք Երևանը վերանայո՞ւմ է իր հարաբերությունները, դաշինքները, պատկանելիությունը տարածաշրջանային կամ միջազգային որոշակի ձևաչափերին, արդյոք Հայաստանի օրակարգո՞ւմ է Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելը:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել ՀՀ ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ անդամ ենք, որի առաքելությունն է պաշտպանել անդամ երկրների ինքնիշխան տարածքները և սահմանները: Այսպիսով, երբ այդ ներխուժումները տեղի ունեցան, մենք չտեսանք պատշաճ գործողություն այն կազմակերպության կողմից, որին մենք անդամակցում ենք: Պատշաճ արձագանքի բացակայությունը հարցեր առաջացրեց հայ հասարակության մեջ, և մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի։ Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա»,- պատասխանել է արտգործնախարարը։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։