ԵՐԵՎԱՆ 30 ապրիլի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կայցելի Իրան։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են գործակալությունից։
«Գլխավոր տնօրեն Գրոսին մայիսի 6-7-ը Իրան կմեկնի՝ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու համար»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ ապրիլի 19-ի գիշերը Իսրայելը «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի մոտակայքում։ Ըստ իրանական IRIB պետական գործակալության` երկրի մի շարք նահանգներում գործարկվել են հակաօդային պաշտպանության համակարգերը։
«Tasnim» գործակալությունը հայտարարել է, որ Սպահան նահանգի միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են։ Միևնույն ժամանակ իրանցի երեք պաշտոնյաներ «New York Times»-ին հաստատել են, որ հարվածների թիրախը եղել է Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազան։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Սպահանի երկնքում խոցված անօդաչու թռչող սարքերը ոչ մի վնաս չեն պատճառել։ Նա մեղադրել է «իսրայելամետ» լրատվամիջոցներին հարձակման ազդեցությունը ուռճացնելու փորձի համար:
Նշենք, որ Իսրայելը Սպահանի ուղղությամբ հարվածներ էր հասցրել Իսրայելի վրա Իրանի կողմից զանգվածային հրթիռային հարձակումից մոտ մեկ շաբաթ անց:
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել էր, որ Իրանն ավելացրել է մինչև 60% հարստացված ուրանի արտադրությունը։