ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) տարեկան ժողովում մայիսի 14-16-ը Հայաստանի կառավարությունը պատրաստվում է բանկի հետ երկու վարկային համաձայնագիր ստորագրել հանրապետության հարավում տրանսպորտային ուղիների զարգացման վերաբերյալ: Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը Ռուս-հայկական համալսարանում «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» համաժողովի շրջանակում։
Երկու վարկային նախագծերից առաջինը վերաբերում է Սիսիան-Քաջարան հատվածին (Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում)։ Եթե այս միջանցքի մյուս հատվածների մեծ մասում ընդլայնվում են գործող ճանապարհները, ապա այստեղ նախատեսվում է կառուցել նորը, ընդ որում՝ թունելներով և կամուրջներով, քանի որ այն անցնելու է լեռնային տեղանքով։ Արդյունքում Իրանից եկող և Հայաստանի հարավով անցնող ճանապարհը կշրջանցի Կապանի և Տաթևի լեռնանցքները, ինչը զգալիորեն կկրճատի թե՛ հեռավորությունը (մոտ 90 կմ-ից հասցնելով մոտ 60 կմ-ի), թե՛ ճանապարհին անցկացրած ժամանակը (մոտ մեկ ժամով):
Մյուս նախագիծը վերաբերում է արտաքին տնտեսական գործունեության կենտրոններին՝ բարեխիղճ բիզնեսի բեռների պարզեցված մաքսազերծման համար։ Պետական եկամուտների կոմիտեի կառավարմամբ նման կենտրոններ կստեղծվեն Հայաստանի սահմանամերձ մարզերում։ Ազատ տնտեսական գոտիներից դրանք տարբերվելու են նրանով, որ այնտեղ արտադրություններ չեն տեղակայվելու, միայն սպասարկվելու են բեռների հոսքերը։
Առայժմ նախատեսվում է նման երկու կենտրոն ստեղծել, երկուսն էլ՝ Սյունիքի մարզում։
«Այդ համաձայնագրերը լրացնում են միմյանց՝ որպես Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի բաղկացուցիչ մասեր։ Այդ փաստաթղթերի շուրջ բանակցությունները ավարտական փուլում են»,-հավելել է Հակոբյանը։
ՎԶԵԲ-ի առաջիկա հանդիպումը, հավելել է նա, կարևոր կլինի նաև մասնավոր բիզնեսի համար։ Հայաստանն առաջին անգամ ընդունում է միջազգային ֆինանսական կազմակերպության ժողովը: Երևան կժամանեն մոտ 2 հազար ֆինանսիստներ և ներդրողներ, այդ թվում՝ խոշոր բանկերից (օրինակ՝ JP Morgan-ից)։ Հակոբյանը նշեց, որ ֆինանսական հատվածը և այլ ոլորտների ընկերությունները կկարողանան շփվել այդ ներդրողների հետ և պայմանավորվել համագործակցության մասին, առավել ևս, որ տարեկան ժողովին զուգահեռ ՎԶԵԲ-ը գործարար համաժողով կանցկացնի։
Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ից Հայաստանի կառավարությանը հատկացված վարկերի ծավալը ներկայումս կազմում է շուրջ 45 մլն դոլար կամ կառավարության արտաքին վարկերի ամբողջ պորտֆելի 1%-ը: Բացի այդ, բանկը վարկավորում է նաև մասնավոր հատվածը։