ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. 2024 թ. առաջին եռամսյակում ՀՀ–ում 12–ամսյա գնաճը շարունակել է նվազել` մարտին կազմելով -1,2 տոկոս։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել։ Արդյունքում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ, գնանկումային ազդեցություններ։ Ցածր գնաճային մակարդակը մեր երկրում պահպանվում է»,– նշեց նա։
Գալստյանն ավելացրեց, որ ԿԲ խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ` միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունացման նպատակի ապահովման համար։
ԿԲ նախագահի խոսքով` 2024 թ. առաջին եռամսյակում ՀՀ–ում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել են առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը։
«Արդյունաբերությունը շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը` պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության և երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից։ Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը թուլանում է, իսկ ներքին պահանջարկին շարունակում է նպաստել մասնավոր ներդրումների բարձր աճը»,– ավելացրեց Գալստյանը։
Ըստ նրա` միաժամանակ աշխատուժի առաջարկի ավելացումը որոշակիորեն մեղմում է աշխատաշուկայի պայմանները։
Հիշեցնենք` փետրվարի ՀՀ վիճակագրական կոմիտեն հայտնել էր, որ 2024 թ. հունվարին ՀՀ–ում տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.7 %–ով գերազանցել է 2023 թ. նույն ամսվա տվյալը: