ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկու կողմից անհետ կորած անձանց որոնման հարցում։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի գերիների և անհետ կորածների հարցերով աշխատանքային խմբի պետական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Էլդար Սամեդովը:
Նշենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` հայ–ադրբեջանական հակամարտության` 2020-2022թթ․–ի սրացումների հետևանքով Հայաստանից 303 անձ դեռևս համարվում է անհետ կորած։
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանի ռազմագերիների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանը ասել էր, որ անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ տարիներ շարունակ հայկական կողմից նախաձեռնություններ եղել են, սակայն սայլը տեղից չի շարժվել ադրբեջանական կողմի պատճառով։
Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում 90-ականների արցախյան պատերազմի դաշտային հայ հրամանատարներին և լիազորված այլ անձանց ներգրավել այդ թվականներին կորած ադրբեջանցիների թաղման վայրերի որոնման գործին։