ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. «AstraZeneca» միջազգային կենսաբժշկական ընկերությունն առաջին անգամ խոստովանել է, որ Covid–ի դեմ իր պատվաստանյութը կարող է կողմնակի ազդեցություն առաջացնել՝ թրոմբոցիտոպենիայի համախտանիշով թրոմբոզ: Տեղեկությունը հայտնում է «Telegraph»-ը՝ հղում անելով դատական փաստաթղթերին։
Ըստ լրատվամիջոցի` ընկերության դեմ կոլեկտիվ հայց է ներկայացվել, քանի որ Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ մշակված պատվաստանյութը լուրջ վնաս է հասցրել հիվանդներին։
«Պատվաստանյութը բացառիկ դեպքերում կարող է թրոմբոցիտոպենիայի համախտանիշով թրոմբոզ (TTS) առաջացնել։ Պատճառներն անհայտ են», - ասված է ընկերության կողմից դատարանին տրամադրված փաստաթղթում։
Պարբերականի տեղեկություններով՝ Լոնդոնի բարձր դատարանը 51 հայց է ստացել, տուժածներն ու նրանց հարազատները պահանջում են վնասի փոխհատուցում, որի գումարը շուրջ 125 մլն դոլար է կազմում:
Թերթը պարզաբանում է, որ թրոմբոցիտոպենիայի համախտանիշով թրոմբոզը հանգեցնում է թրոմբների առաջացման և թրոմբոցիտների թվի նվազման։