Վանեցյանն իր գաղտնալսման մասին այլ անուն է տվել, որը չկա քրգործում. դատախազը` Քոչարյանին

Աննա Վարդապետյանն ասաց, որ գործի հետ կապված գաղտնիության սահմանափակում կա, այդ պատճառով գործով շատ մանրամասներ հրապարակային չեն դարձել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ինչո՞ւ էր ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հեռախոսով խոսում ՀԱՊԿ-ի, Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին։ Նման հարց բարձրացրեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ դատախազության` 2023 թ. գործունեության մասին հաղորդման քննարկմանը։
Ըստ նրա` մեր երկրում շատ է խոսվում 5–րդ շարասյան ու դրա գործողությունների մասին։ Այդ շրջանակում նրա համար մինչ օրս անհասկանալի է, թե ի՞նչ է հայտնի դարձել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների գաղտնալսման գործից։
«Դրանց բացահայտումը մեր երկրի ազգային անվտանգությունից է բխում. չբացահայտված մնալը մեր երկրի համար սպառնալիք է։ Ես մի դեպք պատմեմ` երբ դեռ Արթուր Վանեցյանը մասնակցում էր ԱԺ խորհրդի նիստերին, երբ դեռ մանդատը վայր չէր դրել, նիստերից մեկի ավարտից հետո նա առանձնազրույց ունեցավ ինձ հետ` ասելով, թե ինչո՞ւ եմ ես իմ հրապարակային խոսքում միշտ ասում՝ ԱԱԾ նախկին տնօրենի հետ գաղտնալսումը բացահայտված չէ։ Նա ինձ ասաց, թե այդ գործը բացահայտված է ու անուն տվեց։ Ես լրագրողներին հորդորեցի` Վանեցյանից իմանալ այդ անունը, սակայն չի պատասխանել այդ հարցին։ Վանեցյանն ինձ ասել էր` ՀՀ իշխանությունները պետք է քաղաքական կամք ունենան ու հայտարարեն, որ այդ դեպքն իսկապես բացահայտված է»,– պատմեց Քոչարյանը։
Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց, որ այդ գործի հետ կապված գաղտնիության սահմանափակում կա, այդ պատճառով գործով շատ մանրամասներ հրապարակային չեն դարձել։
«Պարոն Քոչարյան, փաստորեն Արթուր Վանեցյանը ձեզ այլ անուն է տվել, քան այն, ինչ կա քրեական գործում»,– նկատեց գլխավոր դատախազը։
Նա նշեց, որ այդ մասով դատախազությունը լրացուցիչ ստուգման անհրաժեշտություն ունի ու խնդրեց Քոչարյանին` իր ունեցած տվյալները ոչ հրապարակային փոխանցել իրենց։
Անդրանիկ Քոչարյանն իր հերթին ավելացրեց, որ վստահ չէ, որ Վանեցյանն իր հետ մինչև վերջ անկեղծ է եղել` այդ անունն ասելուց, քանի որ նրա նպատակը մեկն է եղել, որ ինքն իր հրապարակային խոսքում չասի «գաղտնալսված ԱԱԾ տնօրեն»։
Ուշադրություն, ձեզ գաղտնալսում են, կամ ինչո՞ւ է հեռախոսով խոսելը վտանգավոր
Հիշեցնենք, որ 2018–ի սեպտեմբերի 11–ին, համացանցում հայտնվել էր Վանեցյանի և Խաչատրյանի աղմկահարույց հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Նրանք 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։
Վանեցյանը հատուկ քննչական ծառայության ղեկավարին պատմում էր դատավորի հետ զրույցի մասին, որին հրահանգ է տրվել ամեն գնով «նստեցնել» Քոչարյանին։ Այնուհետև անցնում էին Խաչատուրովին։ ԱԱԾ պետն ասում էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու վտանգ կա։