ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Տաջիկստանի ԱԳՆ-ն այսօր բողոքի հայտագիր է հանձնել Դուշանբեում Ռուսաստանի դեսպան Սեմյոն Գրիգորևին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Դուշանբեում ՌԴ դեսպանին այսօր կանչել են ԱԳՆ և Ռուսաստանի Դաշնությունում Տաջիկստանի քաղաքացիների իրավունքների խախտման առնչությամբ բողոքի հայտագիր հանձնել, որում լուրջ մտահոգություն կա ՌԴ տարածքում Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքի, ինչպես նաև նրանց իրավունքների ու ազատությունների համատարած խախտման զանգվածային դեպքերի կապակցությամբ»,-լրագրողներին հայտնել է Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվության վարչության աշխատակիցը:
Հայտագրում նշվում է, որ նման գործողությունները կիրառվում են բացառապես Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ, ինչը բացարձակապես չի համապատասխանում տաջիկա-ռուսական հարաբերությունների ոգուն և ավանդույթներին։
Անցյալ շաբաթվա վերջին Տաջիկստանի ԱԳՆ-ն իր համաքաղաքացիներին խորհուրդ էր տվել առանց հատուկ պատճառների չմեկնել Ռուսաստան։
Ապրիլի 27-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան սպառիչ միջոցներ է ձեռնարկում օտարերկրացիների կողմից ռուսական սահմանն անցնելու բարդությունները շուտափույթ հաղթահարելու համար, անցակետերում անվտանգության ուժեղացված միջոցառումները ժամանակավոր բնույթ են կրում և կախված չեն ժամանողների քաղաքացիությունից: