ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի -Sputnik. ՆԱՏՕ-ն երբեք ծրագրեր չի ունեցել Ռուսաստանի դեմ և չի ունենա նաև հետագայում։ Այս մասին Սաուդյան Արաբիայում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է։ Նա ոչ մի վատ դիտավորություն չունի ՌԴ-ի հանդեպ։ Նման դիտավորություն երբեք չի ունեցել ու չի ունենա»,-ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
Նա նաև հայտարարել է, որ այժմ Հյուսիսատլանտյան դաշինքն ավելի մեծ և ուժեղ է, քան նախկինում, քանի որ նրա կազմում են Ֆինլանդիան և Շվեդիան:
2023 թվականի հուլիսին Վիլնյուսում կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի առաջնորդները Ռուսաստանն անվանել էին անվտանգության ամենալուրջ և անմիջական սպառնալիքը և հաստատել էին սառը պատերազմի ավարտից ի վեր առաջին պաշտպանական ծրագիրը ՌԴ-ի հետ հակամարտության դեպքում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի վերջին զառանցանք էր անվանել Արևմուտքում պարբերաբար հնչող պնդումները, թե Մոսկվան մտադիր է պատերազմել ՆԱՏՕ-ի դեմ: