ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում. հայկական կողմը ևս հաստատեց

ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին հայտնի կդառնա, երբ դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հաջորդ հանդիպումը կկայանա Ղազախստանի Ալմաթի քաղաքում։ Տեղեկությունը հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,– Sputnik Արմենիային ասաց նա։
Ապրիլի 26-ին ԱԳՆ–ից ասել էին, որ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին հայտնի կդառնա, երբ դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվի։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ղազախստանը դիմել է իրենց` Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկով, և Ադրբեջանը համաձայնել է։ Ալիևի խոսքով՝ եթե Հայաստանը ևս համաձայնի, հանդիպումը կկայանա Ղազախստանում։
Ապրիլի 15-ին էլ Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարեց, որ Ղազախստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում և հարթակ տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։
Հիշեցնենք` Միրզոյան–Բայրամով վերջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-29–ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` կողմերը պայմանավորվել են շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։