ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանը առաջիկայում կայցելի Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Եվրոպական Միության ներկայացուցչությունը։
Նշվում է, որ ապրիլի 30-ից մայիսի 4-ը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների։
«Ապրիլի 30-ին Կուպմանը կայցելի Հայաստան։ Առաքելության ընթացքում գլխավոր տնօրենը կքննարկի ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման հաջորդ քայլերը՝ ներառյալ երկրում ոլորտային համագործակցության ամրապնդումը և ԵՄ ներդրումները, ինչպես նաև բարեփոխումներին և տեղահանված անձանց ինտեգրման ուղղությամբ ԵՄ աջակցությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կառավարության անդամների, այդ թվում՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի, Ազգային ժողովի պատգամավորների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Կոոպմանը կհայտարարի ԵՄ-գերմանական համատեղ ծրագրի մեկնարկի մասին, որը միտված է բարձրացնելու Հայաստանի գյուղական համայնքներում էներգաարդյունավետությունը և կայուն էներգետիկ լուծումների հասանելիությունը։
Մայիսի 1-ին և 2-ին Կոոպմանը կլինի Վրաստանում, մայիսի 3-ին և 4-ին՝ Ադրբեջանում։