Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրանք է առաջադրվել 1 անձի. ՔԿ

Աննա Հակոբյանը դստեր հետ Ծիծեռնակաբերդում
Այդ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել մեկ անձի: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 24-ին քաղաքացիներն Աննա Հակոբյանին դիմավորել էին «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, մարդասպա՛ն», «Նիկո՛լ, ցեղասպա՛ն», «Նիկո՛լ, թո՛ւրք» վանկարկումներով։ Ապրիլի 25-ին հայտնի դարձավ, որ միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, 7 անձ է ձերբակալվել։
Աբրահամյանի խոսքով` դեպքի առթիվ մեկ անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։
«Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Մյուս 6 անձինք ազատ են արձակվել արգելանքից»,–նշեց նա։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հուշահամալիր էր այցելել վաղ առավոտյան ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ։ Վարչապետի կինը հուշահամալիր էր գնացել դստեր` Արփիի հետ։ Նա ծաղիկներ խոնարհելու համար տևական ժամանակ չէր կարողանում մոտենալ անմար կրակին ։