ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ԱՄՆ–ի հետ ՀՀ–ն չունի միջպետական փոխադարձ պայմանագիր, սակայն մեր երկիրը նրանց արդեն 5 անձ է հանձնել` բազմակողմ պայմանագրերի հիման վրա, նրանք մեզ` ոչ մեկին։ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը` անդրադառնալով քրեական հնչեղ գործերով մարդկանց ՀՀ–ին արտահանձնելու վերաբերյալ ՔՊ պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին։
«Մենք պահանջում ենք ու ամեն անգամ մերժում ենք ստանում. նրանք ասում են` քանի որ միջպետական երկկողմ պայմանագիր չունենք, մենք ձեզ անձ տալ չենք կարող։ Բազմաթիվ փաստաթղթեր ուղարկվել են նրանց։ Ե՛վ դիվանագիտական ճանապարհով, և՛ առձեռն է հանձնվում` եթե որևէ պաշտոնյա այստեղ է լինում։ Նաև մեյլով է ուղարկվում անպայման»,– հայտնեց նա։
Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա Աննա Վարդապետյանի խոսքով` ԵՄ շատ երկրների հետ արտահանձնումների գործընթացի սառույցը կարծես թե հալվել է։
«Եվրոպական շատ երկրներ մեզ արդեն անձանց են հանձնում, մենք էլ` իրենց։ Սա փոխադարձ վստահության վրա հիմնված գործընթաց է։ Վստահությունն ամենաամուր ու միաժամանակ ամենափխրուն բանն է։ Դրա համար մենք այս մեկ տարվա ընթացքում ամեն կերպ փորձել ենք վաստակել այն»,– նշեց դատախազը։
Նրա խոսքով` եվրոպական երկրների հետ այնքան վստահություն ունեն, որ աշխատում են էլեկտրոնային փոստով։
Ինչ վերաբերում է ՌԴ–ին, ապա, ըստ նրա` այստեղ այլ խնդրի հետ են բախվում` այն անձինք, որոնց ՀՀ–ն ցանկանում է, որ ՌԴ–ն արտահանձնի, ապաստան հայցողի կարգավիճակ ունեն այդ երկրում։