Փաշինյանն ու Բլինկենը խոսել են հեռախոսով. հայտնի է` ինչ են քննարկել

Փաշինյանի և Բլինկենի հանդիպումը Նյու Յորքում. Արխիվային լուսանկար
Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Վարչապետը կարևորել է նաև ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածումը՝ ընդգծելով, որ այդ պայմանավորվածություններն արտահայտված են հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրության մեջ, և հանդիպումը որևէ գաղտնի օրակարգ չի ունեցել:
«Փաշինյանը նաև դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցներն ընդգծել են 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կարևորությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում:
Կրկին ընդգծել են, որ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը, ինչպես նաև նույն հռչակագրի հիման վրա սահմանազատման և սահմանագծման գործընթացի իրականացումը բացում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը:
Քննարկվել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այն արտահայտում է 2023 թ. հուլիսին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու իր պայմանավորվածություններն առ այն, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա, հավասարության և փոխադարձության սկզբունքով: