Փաշինյանի հետ խոսելուց հետո Բլինկենը զանգահարել է Ալիևին

Մյունխենում Բլինկենի, Փաշինյանի և Ալիևի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Բլինկենը նախագահ Ալիևին կոչ է արել շարունակել երկխոսությունը Հայաստանի ղեկավարի հետ՝ վերահաստատելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը աջակցելու այդ ջանքերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում երախտագիտություն է հայտնել նրան, որ համաձայնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն անել 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի համաձայն, որը երկրների միջև կապահովի «կայուն և արժանապատիվ խաղաղություն»։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Բլինկենը նախագահ Ալիևին կոչ է արել շարունակել երկխոսությունը Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշվինյանի հետ՝ վերահաստատելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը աջակցելու այդ ջանքերին։
Նա նաև ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը Ադրբեջանի հետ ամուր երկկողմ հարաբերություններ կառուցելուն՝ նշելով Վաշինգտոնի ջանքերը՝ համագործակցելու էներգետիկ, կլիմայի և հաղորդակցության ընդհանուր նպատակների շուրջ և ապահովելու Բաքվում կայանալիք Կլիմայի համաժողովի` COP29-ի հաջողությունը:
Բացի այդ, Բլինկենը կրկին կոչ է արել Ադրբեջանին կատարել մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները և ազատ արձակել անհիմն ձերբակալվածներին:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ պետքարտուղարը զրուցել էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելով Տավուշի մարզում սահմանազատման գործընթացը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։