ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը, որը մասնակցում է տավուշյան բողոքի ակցիաններին, 2 ամսով կալանավորեց: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով` կալանավորման որոշում ընդունած դատավորը «Հանրապետություն» կուսակցության անդամ Մայիս Մելքոնյանն է։
Բացի Մախսուդյանից, մեկ ամսով կալանավորվել են նաև տավուշեցիներ Հովհաննես Ղուկասյանը և Վահան Անանյանը:
Նշենք, որ ավելի վաղ Մախսուդյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ գնդապետի որդուն մեղադրանք են առաջադրել այն բանի համար, որ ակցիայի ժամանակ նա մեկ անգամ հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն։ Արարքը որակել են խուլիգանություն։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։