Կովկասում ռուսական շահերին վնասելու փորձերը ինքնասպանություն են. ԵՄ-ում ՀՀ դեսպան

Եվրամիությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը
Եվրամիությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը. Արխիվային լուսանկար
Աշխարհագրությունն ինքնին հուշում է, որ Հայաստանը չի կարող խզել իր դարավոր կապերը Ռուսաստանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Եվրամիությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը ինքնասպանություն է որակել Հարավային Կովկասում ռուսական շահերին վնասելու փորձերը։ Այս մասին նա հայտարարել է Politico-ին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձը, որը հանգեցրեց Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդմանը, վտանգ չի ներկայացնում Մոսկվայի համար։
«Հայաստանի աշխարհագրությունը ենթադրում է բազմաթիվ պատմական և գործնական կապեր Ռուսաստանի հետ, իսկ ենթադրությունները, թե Հայաստանը կգնա ինքնասպանության՝ փորձելով խաթարել ռուսական շահերը տարածաշրջանում, ֆանտաստիկայի ժանրից են», - ասել է Տիգրան Բալայանը։
Հավելել է, որ Հայաստանի և ԵՄ հարաբերությունները հիմնված են ազգային շահերի վրա, և ներկայումս այդ շահերը պահանջում են օրինակելի հարաբերություններ ԵՄ-ի և նրա բոլոր անդամների հետ։
«Դրանք չեն բացառում Ռուսաստանի հետ երկկողմ լավ հարաբերությունները, և սա այն է, ինչ մենք ցանկանում ենք բացատրել մեր ռուս գործընկերներին»,- ընդգծել է նա։
Հավելենք, որ վերջին ժամանակներում հայ–ռուսական հարաբերությունները սրվել են։ Միմյանց հասցեին մեղադրական ելույթներով են հանդես գալիս բարձրաստիճան պաշտոնյանները։ ՀՀ վարչապետը նաև հայտարարել է, որ Հայաստանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին։