ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայաստանի շախմատի տանը այսօր տեղի ունեցավ ԶԼՄ-ների միջև շախմատի Հայաստանի առաջնությունը, որը թվով 9-րդն էր:
Մրցաշարին մասնակցում էին 12 լրագրող շախմատիստներ:
Արագ շախմատի կանոններով հինգ փուլով անցկացված մրցաշարում առաջին և երկրորդ տեղերը կիսել են «Արմենպրես» գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Արարատ Պետրոսյանը և «Գոլոս Արմենիի» թերթի մարզական մեկնաբան Վադիմ Մկրտչյանը, որոնք վաստակել են 4,5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն դարձավ Պետրոսյանը, փոխչեմպիոն՝ Մկրտչյանը:
Sputnik Արմենիայի խմբագիր Արա Նալբանդյանը 3 միավորով կիսեց 3-6-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ Բրոնզե մեդալը նվաճեց «Գոլոս Արմենիի» ներկայացուցիչ Ռուբեն Մարգարյանը:
Հատուկ մրցանակների արժանացան արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Նորայր Շողիկյանը (4-րդ տեղ), Ermenihaber.am կայքի գլխավոր խմբագիր Մխիթար Նազարյան (ամենաարագ հաղթանակ), «Ասպետ» թերթի գլխավոր խմբագիր Արթուր Բունիաթյան (տարիքով ամենատարեց մասնակից) և գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչ Յանա Ավչիյան «Զրուցակից Հայաստանից»:
Առաջնության հովանավորն է Երևանի քաղաքապետարանը: Կազմակերպիչն էր Հայաստանի արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: