ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մայիսին ԱՄՆ ծրագրված այցի հետաձգումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական առաջիկա ռազմական գործողության շուրջ տարաձայնություններով, գրում է T24 թերթը։
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով թուրքական աղբյուրին, հայտնել էր, որ Էրդողանի այցը ԱՄՆ, որը նախատեսված էր մայիսի 9-ին, հետաձգվել է։
«Հնարավոր է, որ Թուրքիան չի կարողացել ԱՄՆ-ի հետ ընդհանուր հայտարարի գալ, հատկապես Իրաքում գործողությունների և Իրաքի ապագայի հարցում։ Շատ լուրջ հավանականություն կա, որ ԱՄՆ-ի զորքերը դուրս կգան երկրից...Հնարավոր է նաև, որ ԱՄՆ – ից անվտանգության ոլորտում հակընդդեմ պահանջներ են առաջադրվել, որոնք դուր չեն եկել Անկարային», - ասվում է հրապարակման մեջ։
Թերթը ուշադրություն է հրավիրում նաև Վաշինգտոնից Անկարայի «չհիմնավորված տնտեսական ակնկալիքների» վրա։
Ըստ հրապարակման՝ ուկրաինական հակամարտության առաջին տարում ԱՄՆ-ն շատ էր բողոքում, որ իբր Ռուսաստանը փորձում է շրջանցել արևմտյան պատժամիջոցները Թուրքիայի միջոցով, սակայն այժմ ԱՄՆ-ն և նույնիսկ ԵՄ-ն այլևս այդքան չեն դժգոհում, ինչպես նախկինում։
«Թուրքիան ակնկալում է պատասխան ժեստեր, օրինակ՝ երկաթի և պողպատի արտադրանքի վրա ամերիկյան սակագների չեղարկում։ Թեև նման որոշումներ ընդունվել են նաև այլ երկրների համար, Թուրքիայի համար տոկոսադրույքը նախկինի պես կազմում է 25% »,-նշվում է հոդվածում:
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ երկրի զինված ուժերը ամռանը համակողմանի ցամաքային գործողություն կանցկացնեն երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ։ Թուրքական կողմը ձգտում է նաև Սիրիայում 30-40 կիլոմետր խորությամբ անվտանգության միջանցք ստեղծել։