ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. 2018–ին ՀՀ քաղաքացին օծվել է որպես իշխանության բարձրագույն կրող և արտահայտված այդ կամքը պետք է ունենա կոնկրետ դրսևորումներ: Քաղաքացու օրվան նվիրված իր ուղերձում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Կարևորագույնը տարածքային ամբողջականությունն է, առանց որի պետություն գոյություն ունենալ չի կարող, և մեր օրակարգի առանցքային խնդիրներից մեկը, որը լուծում ենք հիմա, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, մեր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանները վերարտադրելն է՝ որպես մեր անկախության, ինքնիշխանության, պետականության հենք, և քաղաքացին պետականության երաշխավորի իր հանդարտությամբ ապահովում է, որ մենք վճռականորեն գնանք այս ճանապարհով»,–նշել է Փաշինյանը:
Պետության գոյության հաջորդ կարևորագույն գրավականը, նրա խոսքով, իրավունքների և պարտականությունների հավասարակշռված հարաբերությունների մասին համաժողովրդական համաձայնությունն է, ժողովրդական որոշումը՝ արձանագրված պետության իրավական հիմքերում։
«Որևէ մեկը չի կարող իր տանն անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու երջանիկ ապրել՝ առանց այդ տան դռները, լուսամուտները, տանիքն ու ցանկապատը կարգի բերելու։ 2018 թվականի հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ Հայաստանի Հանրապետության դռները, լուսամուտները, տանիքն ու ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի: Գիտեինք նաև, որ ոմանք մեզ կենվոր են համարում մեր իսկ տանը, և այդ ընկալումն ամրագրելու բազմաթիվ պայմաններ են ապահովել: 2018 թվականին մենք որոշեցինք լինել տանտեր` առանց մտածելու դրա հետևանքների մասին»,–ասվում է Փաշինյանի ուղերձում:
ՀՀ վարչապետը վստահ է, որ ՀՀ քաղաքացին գնում է տանտեր լինելու ճանապարհով, ու բարեհաջող կանցնի այդ ճանապարհը։
Հիշեցնենք` 2019–ի ապրիլի 9–ին ՀՀ Ազգային ժողովը կողմ քվեարկեց ապրիլի վերջին շաբաթ օրը «Քաղաքացու օր» հռչակելու և, ըստ այդմ էլ, «Տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին նախագծին։