Տավուշում ցուցարարները դանակով ծակծկել են մեքենայի անվադողը, նախաձեռնվել է քրեական վարույթ

Պարզվել է ինչպես ավտոմեքենայի անվադողը դանակով վնասող անձի, այնպես էլ դանակը նրան փոխանցողի ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Քրեական վարույթ է նախաձեռնվել այսօր Կիրանց բնակավայրից դեպի Ոսկեպար ընկած հատվածում ցուցարարների փակած ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անվադողը դանակով ծակծկելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքի առթիվ այսօր նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Զննվել են նաև համացանցում հրապարակված՝ նշված դեպքն արձանագրող տեսագրությունները։
Պարզվել է ինչպես ավտոմեքենայի անվադողը դանակով վնասող անձի ինքնությունը, որը Երևանի Նորագյուղ բնակավայրի 39–ամյա բնակիչ է, այնպես էլ դանակը նրան փոխանցող 17-ամյա անձի ինքնությունը։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։