ՀՀ ՊՆ-ն փորձում է պարզել Կիրանցում ակցիային միացած համազգեստով անձանց ինքնությունը

Բողոքի ակցիայի մասնակիցներին են միացել մի քանի պայմանագրային զինծառայողներ։
Պաշտպանական գերատեսչությունը զգուշացրել է, որ քաղաքական գործընթացներին ԶՈւ-ին ներքաշելու փորձերին իրավական գնահատական կտրվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային միացած զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ:
«ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը նաև միջոցներ է ձեռնարկում տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
ՀՀ ՊՆ-ն նաև զգուշացրել է, որ ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։