Պետության միջամտություն չի եղել. Հակոբյանը` ՀՌՀ վերահսկողության տակ գործող ԶԼՄ–ների մասին

Տիգրան Հակոբյան
ՀՌՀ նախագահի խոսքով` ԶԼՄ–ներում չարության խոսքի և ապատեղեկատվության նվազում է նկատվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի վերահսկողության տակ գործող լրատվամիջոցները 4-րդ տարին անընդմեջ աշխատել են ազատ և անկախ։ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը` ներկայացնելով ՀՌՀ 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը։
«Արդեն 4 տարի շարունակ վերահաստատում եմ, որ հանձնաժողովի վերահսկողության տակ գործող լրատվամիջոցները գործել են ազատ և անկախ` առանց պետական կառույցների միջամտության։ Դա իմանում ենք հեռարձակողներին և ցանցային օպերատորներին, լիցենզավորված հեռուստատեսային և ռադիո ընկերություններին ուղարկված գրավոր հարցումներից։ Պատասխաններում էական նշանակության որևէ բողոք, որին կարող էր մեր միջամտությունը հետևել, չի եղել։ Դժգոհություններ կան, որ իշխանությունները հաճախ բաց չեն, որ քննադատություն կա իրենց կողմից, բայց միջամտության մասին տեղեկություն չունենք»,– ասաց Հակոբյանը։
Նա շեշտեց` դա բնավ չի նշանակում, որ հեռարձակողները զուրկ են միջամտությունից, որովհետև, բացի պետությունից, նրանք կախում ունեն նաև իրենց հիմնադիրների կամ փայատերերի կողմից։
ՀՌՀ նախագահի խոսքով` ԶԼՄ–ներում չարության խոսքի և ապատեղեկատվության նվազում է նկատվում, չնայած որ դա կարող է անզեն աչքով չնկատվել, քանի որ տեղեկատվական դաշտը բավականին հագեցած է նմանատիպ ինֆորմացիաներով։
ԲՏԱ–ն սարքեր է ձեռք բերել ՀՀ–ում օտարալեզու ռադիոների հաճախականությունները խլացնելու համար