ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր առավոտյան հրապարակեց որոշումը՝ մերժելով պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը։ «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը, և քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը, որ 2 տարի 4 ամիս և արդեն մի քանի օր գտնվում է անազատության մեջ՝ դեռ 2021-ի դեկտեմբերից, շարունակելու է մնալ կալանավորված»,- հայտնեց նա:
Հիշեցնենք՝ 2021 թ. դեկտեմբերի 5-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը, բայց դրանից մեկ օր առաջ Վանաձորի նախկին համայնքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 1–ին համար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։
Նա մեղադրվում է իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
2022 թ. մայիսի 13–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Արկադի Փելեշյանին: