Կոտայքի հյուրանոցներից մեկում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել

Շտապօգնության ավտոմեքենա
Կայքի տեղեկություններով՝ մահացածներն ու վիրավորները օտարերկրացիներ են, իսկ վաղը պետք է տեղի ունենար նշված հյուրանոցային համալիրի բացումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Կոտայքի մարզում, չգործող հյուրանոցային համալիրում այսօր 2 դիակ է հայտնաբերվել, ևս 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանությունը ժամը 17:25-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Ջրվեժի 3-րդ թաղամասի 7/12 հասցեում գտնվող, դեռևս չգործող «Hotel Տ27» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դիեր կան:
«Ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի առաջին հարկի սենյակներից մեկում տղամարդկանց մարմիններ են հայտնաբերել հատակին և երկհարկանի մահճակալի 2-րդ հարկի հատվածում: Եվս 2 հոգի նշված վայրից շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ»,– գրում է կայքը։
Նշվում է, որ հյուրանոցային համալիրը գազիֆիկացված չէ, և թունավորումը չէր կարող նրանց մահվան պատճառ դառնալ։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ մահացածներն ու վիրավորները օտարերկրացիներ են, իսկ վաղը պետք է տեղի ունենար նշված հյուրանոցային համալիրի բացումը: