ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Մամիկոն Մուրադյանը։
«Իսպիրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել դատարան, ուստի նա այլևս տնային կալանքի տակ չէ»,- նշեց պաշտպանը։
Նրա խոսքով` Իսպիրյանի նկատմամբ կիրառված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը էկոնոմիկայի նախկին փոխնախարարի նկատմամբ 2 ամիս ժամկետով տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Հիշեցնենք` հունվարի 31-ին Անի Իսպիրանն ազատվեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալեցին 7 անձանց։
Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։
Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլյա Սիրականյանն այս գործով փետրվարի 1–ին կալանավորվեց 2 ամսով։ Այսօր հայտնի դարձավ, որ փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը խափանման միջոց է կիրառել տնային կալանքը։
Այս գործով երկու ամսով կալանավորվել էր նաև «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, իսկ ընկերության աշխատակցուհիներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։