ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Քաղաքացիները փակել են Երևան–Սևան ճանապարհը` Հրազդան քաղաքի հատվածում։ Ակցիան իրականացվում է ի աջակցություն Տավուշի մարզում արդեն 8 օր պայքարող քաղաքացիների։
Ճանապարհը փակած անձինք նշեցին, որ ակցիայի նպատակն է ժողովրդին արթնացնելը, քանի որ որոշ ժամանակ անց թուրքը Սևան էլ կհասնի, հաջորդն էլ Վարդենիսի գյուղերն են լինելու։ Ակցիայի մասնակիցները վանկարկում են` «Առանց Նիկոլ Հայաստան»։
Քաղաքացիներին աջակցում են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը։
Հրազդան քաղաքի այս հատվածում ոստիկանական մեծ ուժեր են կուտակված, ու քիչ առաջ իրավիճակը լարվել էր։ Իրավապահները ուժ կիրառելու արդյունքում երկկողմանի բացեցին ճանապարհը։ Քաշքշուկ էր սկսվել ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև։
Արդյունքում բերման ենթարկվեցին քաղաքացիներ և պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։