ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանի խոշորագույն աղբավայրի կոնսերվացումը և նոր աղբավայրի կառուցումը նախնական տվյալներով` կարժենա 30 մլն դոլար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ քաղաքապետարանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ նոր աղբավայրի տեխնիկա–տնտեսական հիմնավորումն արդեն պատրաստ է և մշակվել է Նուբարաշենի ու Աջափնյակի աղբավայրերի փակման նախագիծը։
Հովհաննիսյանը նշեց, որ սա բավականին լուրջ ծրագիր է, ըստ դրա` հին աղբավայրը պետք է ռեկուլտիվացվի, մնացած աղբը փուլ առ փուլ վերամշակվի, իսկ տարածքն ինքնին վերածվի կանաչ գոտու, վերականգնվի ամբողջ ցիկլը և ֆունկցիոնալությունը։
«Ներկա պահին մենք վարկային ծրագրի մասով բանակցություններ ենք վարում տարբեր ներդրումային բանկերի հետ` նոր աղբավայր կառուցելու համար։ Հին աղբավայրն իրեն սպառել է, այն պետք է փակվի և ռեկուլտիվացվի, դրա փոխարեն կառուցվի ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, որի ազդեցությունը քաղաքի էկոլոգիայի վրա կլինի նվազագույն»,– ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` տարբեր գործընկերներ արդեն մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերում թե՛ աղբավայրի փակման, թե՛ աղբի մշակման հարցում։
Ներկայում քաղաքապետարանը նաև կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում։ Մասնավորապես աշխատանքներ է տանում աղբավայրը հողաշերտով ծածկելու ուղղությամբ, ինչը թույլ կտա կրճատել հրդեհների քանակը հատկապես ամառային շրջանում:
Հիշեցնենք, որ նոր աղբավայրը արմատապես տարբերվելու է ներկայիս աղբավայրից։ Նախատեսվում է շենքերի (գրասենյակների, լաբորատորիաների), համապատասխան ենթակառուցվածքների կառուցում: Կլինեն աղբ թափելու 2 տեղամաս, կեղտաջրերի և փոթորկի կոլեկտորներ, գեներատոր` էլեկտրաէներգիա ստանալու համար։ Աղբավայրի շահագործման համար Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է նաև տեխնիկա գնել (էքսկավատոր, բուլդոզեր, ինքնաթափ և այլն)։ Բուն աղբավայրը պարսպապատվելու է: