ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ Աննա Հակոբյանի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, 7 անձ ձերբակալվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Ապրիլի 24-ին Աննա Հակոբյանի և նրա դստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության խոսք հնչեցնելու և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնեցին ՔԿ մամուլի ծառայությունից։
Նշվեց, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ոստիկանության բաժին է տարվել 7 անձ, որոնք այնուհետև ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Նրանք ձերբակալվել են վերոնշյալ արարքներն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով: Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։