Տավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքները

Ըստ հրապարակված քարտեզների՝ Կիրանցի կամուրջը ևս հանձնվելու է Ադրբեջանին, թեպետ կադաստրով գյուղի հաշվեկշռում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Տավուշցիները վաղ առավոտից հավաքվել են Կիրանց գյուղի կամրջի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց կիրանցիներից մեկը։ Ըստ լուրերի՝ այսօր կամրջի այս հատված մարդիկ են գալու մոտակայքում ականազերծման և այլ աշխատանքներ իրականացնելու համար։
Նրա խոսքով՝ գյուղացիները շարունակում են փակ պահել նաև Կիրանց-Աճարկուտ-Ոսկեպար ճանապարհը։ Մարդիկ ամբողջ գիշեր շարունակել են այնտեղ մնալ։
Նշենք, որ ըստ հրապարակված քարտեզների՝ Կիրանցի կամուրջը ևս հանձնվելու է Ադրբեջանին, թեպետ կադաստրով գյուղի հաշվեկշռում է։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Ապրիլի 23-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։