ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ՝ գլխավոր հյուպատոսություն (նստավայրը` Թավրիզ): Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ և ձգտելու է առավել զարգացնել ավանդական բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Նշվում է, որ հիմք ընդունելով 2007 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարների կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագիրը՝ 2022 թ. հոկտեմբերից ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործում է Իրանի գլխավոր հյուպատոսությունը, իսկ Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը կապահովի փոխադարձության սկզբունքի կիրարկությունը:
Հիշեցնենք, որ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացվել է 2022 թ. հոկտեմբերի 21-ին։