Թվում էր, թե ընդհանրապես աշխարհի ցանկացած երկու պետությունների վեճերը սահմանների շուրջ կարող են հանգեցնել հենց այդ երկու պետությունների միջև բախումների, այնինչ, մեզ մոտ վերջին օրերին հայաստանցիները հայաստանցիների դեմ էին ելել։ Միևնույն ժամանակ, չի կարելի չնկատել երկու հանգամանք. Նախ` կողմերը, կարծես թե, պատրաստ են որպես հիմք ընդունել Հռոմեական իրավունքի «uti possidetis ita possideatis» սկզբունքը։
Այդ սկզբունքը, որը երևի այսպես կարելի է թարգմանել՝ «ինչ ունեցել եք, այն էլ հիմա ձերն է», ՄԱԿ-ի Միջազգային դատարանը 1986 թվականին մեկնաբանել է այսպես՝ եթե որևէ երկիր թոթափել է գաղութատիրության լուծը կամ առաջացել է որևէ կայսրության փլուզման հետևանքով, նրա ինքնիշխան տարածքն է համարվում այն տարածքը, որը նա ունեցել է անկախությունը հռչակելու պահին։ Միանգամայն ճիշտ եք. այս դեպքում անմիջապես ծագում է քարտեզների հարցը, որովհետև կողմերից յուրաքանչյուրը բանակցությունների սեղանին է դնում իր համար շահեկան քարտեզը։ Բայց դա էլ ի վերջո լուծելի խնդիր է։ Ամենամեծ պրոբլեմը տեղի բնակիչների հետ է կապված։
Մի պարզ օրինակ բերեմ։ Սոցիալական ցանցերում մի քանի, եթե կարելի է այդպես ասել՝ «հաղթական» գրառում նկատեցի մոտավորապես այսպիսի բովանդակության. «Տեսա՞ք, որ անհեթեթ մեղադրանքներ էիք ուղղում իշխանություններին՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում»։ Կներե′ք, եթե ճիշտ են այն լուրերը, որ սահմանն անցնելու է այդ եկեղեցուց ընդամենը 17 մետրի վրա, ինչպե՞ս եք պատկերացնում, որ հայաստանցին ամեն անգամ եկեղեցի գնալուց անցնի մոտ 20 մետր այն կողմ կանգնած ադրբեջանցի սահմանապահների կողքով։ Եվ եթե նրանք սադրանքի դիմեն, ասենք` քարեր կամ շշեր նետեն, արդյոք մեր սահմանապահները հակահարված կտա՞ն։ Մանավանդ որ Հայաստանի իշխանությունների մշտական հորդորն է՝ ոչ մի առիթ չտալ ադրբեջանցիներին նոր պատերազմ հրահրելու համար։
Երկրորդ հուսադրող պահն այն է, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցին առանձնացնել, տարանջատել խաղաղության պայմանագրի մշակման և սահմանազատման գործընթացները, և դա հարկ է դրական համարել, քանզի համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ սահմանների ճշգրտումը կարող է շատ երկար, նույնիսկ անվերջ տևել։ Այնինչ, խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը տարեցտարի ձգձգվում է, այնուամենայնիվ, ֆանտաստիկայի ոլորտից չէ՝ նույնիսկ հաշվի առնելով այն պարզապես անհեթեթ պայմանները, որոնք առաջ է քաշում Իլհամ Ալիևը։ Լավ, Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի կապն ապահովելու ձգտումը հասկացանք, Սահմանադրության փոփոխությունն էլ մի կերպ կարելի է հասկանալ, մանավանդ որ հենց Հայաստանի իշխանություններն են նախաձեռնել նոր հիմնական օրենքի ընդունման գործընթացը։ Բայց, կներե՛ք, մի՞թե Բաքվում չեն հասկանում, թե որքան ծիծաղելի է Արարատ լեռը պետական զինանշանից հանելու պահանջը։ Ախր դուք ի՞նչ գործ ունեք Արարատի հետ։
Իսկ այն իրողությունը, որ սահմանազատման գործընթացը կարող է շատ երկար տևել և ուղեկցվել ռազմական բախումներով, ապացուցում է Տաջիկստանի և Ղրղզստանի փորձը։ Կենտրոնական Ասիայի այդ երկու հանրապետությունների միջև գրեթե 1000 կիլոմետրանոց պետական սահմանի ճշգրտումը սկսվեց ավելի քան 20 տարի առաջ՝ 2002 թվականին։ Սկզբում ամեն ինչ համեմատաբար հարթ էր ընթանում, բայց երբ հասան վիճահարույց հատվածներին, սկսվեցին ազգամիջյան բախումները տեղացիների միջև, որոնք կամաց-կամաց վերածվեցին երկու երկրների զինված ուժերի միջև հակամարտության։ Զոհվեցին տասնյակ մարդիկ, սակայն լայնածավալ պատերազմին գործը չհասավ։ Ուղղակի սահմանը փակվեց, և դրանից հետո միայն երկու ժողովուրդները զգացին, որ կորցրել են ամենագլխավորը՝ դարավոր բարիդրացիական հարաբերությունները։
Թույլ տվեք մեջբերել Տաջիկստանի նախկին պատգամավոր Յուսուֆ Ահմեդովին. «Հարևանը, ինչպիսին էլ լինի, մնում է հարևան։ Նրան պիտի ընդունես այնպիսին, ինչպիսին կա։ Հենց այս իրողությամբ են միշտ ղեկավարվել տաջիկներն ու ղրղզները։ Խորհրդային Միության փլուզումից հետո մենք, ցավոք, մոռացանք այն մարդկանց մասին, որոնք ապրում են սահմանի երկայնքով։ Իսկ նրանք նախկինում ազատորեն առևտուր էին անում, միրգ, բանջարեղեն, հատապտուղ ու կանաչի վաճառում միմյանց։ Ղրղզական ծիրանը տաջիկները վերամշակում էին և վաճառում, երկուսն էլ դրանից օգուտ էին ստանում։ Ի՞նչ վատ էր որ։ Հիմա եվրոպացիները վերացնում են սահմանային արգելքները, մենք, հակառակը, խոչընդոտներ ենք ստեղծում»։
Հենց այս օրերին Դուշանբեն ու Բիշքեկը հաջողությամբ ավարտում են սահմանազատման խրթին գործընթացը։ Մենք նոր ենք սկսում, բայց Տաջիկստանի և Ղրղզստանի փորձը հույս է ներշնչում՝ դժվար, միգուցե շատ դժվար է լինելու, բայց ի վերջո ստացվելու է։