Ռուբեն Վարդանյանը համաձայնել է դադարեցնել հացադուլը

Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանական բանտում գտնվող բարերարն այսօր կարողացել է խոսել կնոջ հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Անսալով ընտանիքի խնդրանքին` Վարդանյանը համաձայնել է դադարեցնել հացադուլը։ Այս մասին հայտնում են Ռուբեն Վարդանյանի գրասենյակից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախկին պետնախարարը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել։ Նման որոշում է կայացվել Վարդանյանի և փաստաբանի՝ միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, թափանցիկ ու արդար դատավարություն ապահովելու բազմաթիվ դիմումներից հետո։ Հացադուլ սկսելուց հետո նրան զրկել են ընտանիքի հետ կանոնավոր հեռախոսազանգ ունենալու հնարավորությունից:
Ադրբեջանական բանտում գտնվող բարերարն այսօր խոսել է կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: Սա երկրորդ հեռախոսազրույցն է եղել ընտանիքի հետ:
«Ընտանիքը վերջապես հնարավորություն է ունեցել խնդրել Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրա առողջական վատթարացող վիճակը: Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին: Տեղեկանալով հայ բանտարկյալներին ազատելու գլոբալ շարժման մասին և անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։