ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված` պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում չեն զրկվի օժանդակության ծրագրից։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Բացի այդ, որոշվել է, որ նրանց հնարավորություն տրվի օգտվել այս ծրագրից մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Գործող կարգավորմամբ սահմանված է, որ օժանդակության ծրագրի ժամկետը գործում է 6 ամիս, սակայն ժամկետը երկարացվում է մինչև 2024 թ. դեկտեմբերի 31–ը՝ նոր ուսումնական տարում հնարավորություն տալով ուսուցիչներին համալրելու թափուր հաստիքները:
Հին կարգավորմամբ այս ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում տվյալ ուսուցիչը զրկվում էր ծրագրից օգտվելու իրավունքից:
Նշվում է, որ այս որոշմամբ ավելի մեծ թվով մասնագետներ հնարավորություն կունենան համալրելու առկա թափուր հաստիքները:
Հիշեցնենք, որ ապրիլի 18–ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ հաստատվեց ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչներին հավելավճարներ հատկացնելու մասին որոշումը։ Դա վերաբերում է հայաստանյան դպրոցներում արտամրցութային կարգով աշխատանքի անցած ուսուցիչներին, որոնց թիվն այս պահին կազմում է 330, սակայն դիմումների թիվը դեռ ավելանում է։ Այս ուսուցիչները բացի աշխատավարձից, երկու տարվա ընթացքում կստանան նաև 30 տոկոսի չափով հավելավճար։ Բացի այդ, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, ինչպես նաև Գեղարքունիքի, Տավուշի որոշ խոշորացված համայնքներում ԼՂ–ից բռնի տեղահանված այս ուսուցիչները բացի աշխատավարձից ու հավելավճարից, ամսական կստանան նաև 50 հազար դրամ։