ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայ–ադրբեջանական սահմանազատման գործընթացը քննարկել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը` նշելով, որ Գրիգորյանն այսօր է ընդունել դեսպանին։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին »,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։