Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն 20 սահմանային սյուն է տեղադրվել

Տավուշ
Գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն 20 սահմանային սյուն է տեղադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ հայ–ադրբեջանական սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են»,– ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Ապրիլի 23-ին, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։