ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Տավուշում իրականացվող սահմանազատման գործընթացների դեմ բողոքի ակցիա իրականացնող 29 բերման ենթարկված կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ոստիկանությունից։
«Այս պահի դրությամբ 17 բերման ենթարկված կա Երևանի բաժնում, իսկ Նոյեմբերյանում՝ 12»,- հայտնեցին Ոստիկանությունում։
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների թիվն ավելին է, քանի որ առավոտից բողոքի ակցիաներ են իրականացվում Հայաստանի տարբեր մարզերում։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ բերման ենթարկվածներ կան Վեդիում։ Նրանք բողոքի ակցիա էին իրականացնում և արգելափակել էին ճանապարհը Տիգրանաշենի հատվածում։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Ապրիլի 23-ին, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։