ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Այս գարնանը Եվրոպայում անցկացվող Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների զորավարժությունները փաստացի ուղղված են Ռուսաստանի դեմ։ Տեղեկությունն ապրիլի 24-ին գրել է The New York Times թերթը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Դերիլ Ուիլյամսին:
«Հիմա՝ այս տարի, մենք փաստացի զորավարժություններ ենք անցկացնում ռուսների դեմ։ Մենք պայքարում ենք մեր պոտենցիալ հակառակորդի դեմ։ Եթե ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը պատերազմի մեջ մտնեին, ամերիկյան և դաշնակից զորքերը նախ կուղղվեին Բալթյան երկրներ Էստոնիա, Լատվիա և Լիտվա՝ ՆԱՏՕ-ի «Արևելյան թև», որ փորձեին արգելափակել ռուսական զորքերի ներթափանցումը»,- նշել է ամերիկացի գեներալը։
Հոդվածի համաձայն՝ ՆԱՏՕ-ի զորավարժությունները պետք է ցույց տան, թե ինչպիսին կարող են լինել «մեծ տերությունների ժամանակակից հակամարտության առաջին պահերը»: Նյութի հեղինակներն ավելացրել են, որ ազգային անվտանգության ներկայացուցիչները նախատեսում են նաև կիբեռպատերազմ վարել, հաշվի առնելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերի պաշտպանությունը «հանրային ենթակառուցվածքների վրա հնարավոր կիբեռհարձակումից»:
Թերթի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի գարնանային զորավարժությունները կդառնան ամենամասշտաբայինը սառը պատերազմի տարիներից ի վեր: Գեներալ Ուիլյամսի խոսքով՝ 2023 թվականին նման զորավարժությունների ժամանակ հակառակորդի անունը չի նշվել, պարզապես հորինված հակառակորդ է եղել։
Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ անցկացվող զորավարժությունները սադրիչ բնույթ են կրում: Հյուսիսատլանտյան դաշինքը մարտական գործողություններ է մշակում ֆիննական տարածքում՝ Ռուսաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի շրջանակում։ Դիվանագետը նշել է, որ վերջերս ՆԱՏՕ-ի անդամ դարձած Ֆինլանդիան ձգտում է որքան հնարավոր է շուտ մտնել այդ արկածախնդրության մեջ, և Ռուսաստանն ուշադիր հետևում է «հավաքական Արևմուտքի ագրեսիվ գործողություններին»։