Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների և Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակության ուղեկցությամբ այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ։
Ծիծեռնակաբերդ էր բերվել նաև Հայոց ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:
Գարեգին 2–րդը հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին և ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ։
Կաթողիկոսը տերունական աղոթք հնչեցրեց, անցկացրեց զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն։
Ամենայն հայոց կաթողիկոսը Ծիծեռնակաբերդ եկավ ՀՀ բարձրագույն ղեկավարության հեռանալուց հետո։
Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 23-ին Հայ առաքելական եկեղեցին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Սբ. Տրդատի բաց խորանում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողություն կատարեց` շեշտելով, որ մեր սուրբ նահատակների հիշատակն այսուհետ ոչ թե զոհի ու ննջեցյալի հոգեհանգստյան աղոթք է, այլ հաղթանակած ու նահատակության արյամբ սրբագործված անմարմին զինվորների հաղթական օրհներգություն։