ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած շնորհանդեսի ժամանակ ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը համոզմունք է հայտնել, որ այլ երկրների հետ հարաբերությունների կառուցման առումով քաղաքացիական հասարակության մակարդակով գործունեությունն ավելի կարևոր է, քան պաշտոնական դիվանագիտությունը: Կոսաչևի խոստովանությամբ՝ նա սեփական փորձից է հանգել նման համոզմունքի։
Կոսաչևն ընդգծել է, որ Ռուսաստանում, ի տարբերություն արևմտյան երկրների, հաջողությամբ լուծվել են տարբեր ժողովուրդների, էթնիկ և դավանաբանական խմբերի միջև հարաբերությունների հետ կապված հարցերը: Ըստ այդմ, քաղաքակիրթ ազգամիջյան հաղորդակցության ձևավորված ավանդույթները կնպաստեն եվրասիական տարածքի երկրների մասնակցությանը նոր կազմակերպության գործունեությանը, եզրափակել է նա:
«Եվրասիա» ոչ առևտրային կազմակերպությունը կամրապնդի հետխորհրդային տարածքի երկրների գործարար և մշակութային կապերը: «Եվրասիան» կաջակցի երիտասարդներին, գործարարներին, մարզիկներին, մշակույթի, գիտության և կրթության գործիչներին, ինչպես նաև հետխորհրդային տարածքի երկրները միավորող այլ ոլորտների ներկայացուցիչներին:
Կազմակերպության աշխատանքը կընդգրկի այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են մշակույթն ու կրթությունը, տնտեսությունն ու բիզնեսը, երիտասարդական փոխանակումներն ու պրակտիկան, միասնական տեղեկատվական տարածքը, միջկրոնական համագործակցությունը, սպորտը և զբոսաշրջությունը, միավորող պատմական ժառանգության պահպանումը: