Նուբար Աֆեյանը միջազգային հանրությանը կոչ է արել թույլ չտալ ցեղասպանության կրկնություն

Աֆեյանն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում, ինչպես նաև արդարությունը ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ, որոնց թվում է նաև իր գործընկեր, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Միջազգային հանրությանը պետք է կանխի սարսափելի ողբերգության` ցեղասպանության կրկնությունը։ Այս մասին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ուղերձում ասել է «Ավրորա» մարդասիրական կազմակերպության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։ Հայտարարությունը հրապարակել են The New York Times, The Washington Post и The London Times պարբերականները։
«Մենք հիշում ենք անցյալը և սգում, բայց պատմությունը կրկնվում է նաև այսօր։ Հայ քաղաքական առաջնորդները, որոնց թվում է նաև իմ ընկեր և գործընկեր Ռուբեն Վարդանյանը, պատանդ են Բաքվում, իսկ Հայաստանի ինքնիշխանությունն ու ինքնորոշումը բախվում են գոյութենական սպառնալիքի»,–նշել է Աֆեյանը։
Նա կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում, ինչպես նաև արդարությունը ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ։
«Ադրբեջանն այլևս չպետք է հիմքեր ունենա Հայաստանի հետ հակամարտության համար։ Նախորդ տարի Լեռնային Ղարաբաղ ներխուժումից հետո Հայաստանը չփորձեց պաշտպանել ԼՂ–ի ինքնավարությունը։ Անարդար և անօրինական է պնդել, թե խաղաղություն կհաստատվի այն պայմանով, որ Հայաստանը հաշտվի իր միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ ոտնձգության հետ և Ադրբեջանին ապահովի Նախիջևանի հետ կապող միջանցքով»,–նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընկերները, գործընկերներն ու համախոհներն այցելել էին Ծիծեռնակաբերդ՝ ի զորակցություն Բաքվում գտնվող բոլոր հայ բանտարկյալների։
Նրանք ակցիայի համար հենց այս օրն էին ընտրել, քանի որ ապրիլի 24-ին Հայաստանը հայտնվում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել։ Ընտանիքը հայտնել էր, որ հացադուլից հետո դադարեցվել են հարազատների հետ հեռախոսազանգերը։ Ապրիլի 21-ին Ռուբեն Վարդանյանին թույլ էին տվել կապ հաստատել ընտանիքի հետ։ Վարդանյանը հայտնել էր, որ այս ամբողջ ընթացքում լրիվ մեկուսացած է եղել, անգամ կարդալու հնարավորություն չի ունեցել: