ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչությունը մանրակրկիտ պլանավորվել և իրականացվել է հանցակիցների միջազգային ցանցի օգնությամբ: Այս մասին հայտարարել է Ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայության ղեկավար Յուրի Չիխանչինը եկամուտների լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջազգային համաժողովի շրջանակում։
«Մենք բախվել ենք մանրակրկիտ ծրագրված և նախապատրաստված ահաբեկչության, որի իրականացման համար հանցակիցների միջազգային ցանց է օգտագործվել», - ասել է նա:
Չիխանչինը նշել է, որ ահաբեկչություն իրականացնողներն ապահովված են եղել զենքով, զինամթերքով, տրանսպորտով և նահանջի ուղիներով, իսկ համակարգողները հստակ հրահանգավորել են նրանց գործողությունները։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Տուժել է 360 մարդ (այդ թվում` 11 երեխա), մահացել` 145–ը։