ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ամենամյա ուղերձում հերթական անգամ օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը։
Նա հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության տարելիցն առիթ է հիշելու զոհերին և խոստանալու երբեք չմոռանալ ողբերգության մասին։
«Մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը։ Մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը վերապրածները սկսեցին կառուցել ավելի լավ ապագա մեր աշխարհի համար։ Քաջությամբ և նվիրվածությամբ նրանք վերակառուցեցին իրենց կյանքը: Նրանք պահպանեցին իրենց մշակույթը։ Նրանք ամրապնդեցին ազգերի միասնությունն ամբողջ աշխարհում, ներառյալ մեր սեփականը։ Նրանք պատմում էին իրենց պատմությունները` վստահ լինելու, որ 109 տարի առաջ այս օրը սկսված զանգվածային վայրագություններն այլևս երբեք չեն կրկնվի»,– ասված է Բայդենի ուղերձում։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները և հանդես գալ անհանդուրժողականության դեմ։
Հիշեցնենք` այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։