ՀՀ–ն շարունակում է ՀԱՊԿ անդամ լինել և ինքն է որոշում իր մասնակցության մակարդակը. Սեմերիկով

Վալերի Սեմերիկով
Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ Հայաստանը չի խանգարում ՀԱՊԿ միջոցառումների անցկացմանը, աշխատանքն ընթանում է բնականոն հունով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայաստանը շարունակում է ՀԱՊԿ անդամ լինել և ինքն է որոշում կազմակերպությունում իր մասնակցության մակարդակը՝ ելնելով սեփական շահերից։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
«Հայաստանի մասով իրավիճակը հասկանալի է, և ղեկավարությունը բազմիցս հայտարարել է այդ մասին։ Նրանք մեր կազմակերպության անդամ են և իրենց շահերից ելնելով ինչ-որ միջոցառումների մասնակցում են, ինչ-որ միջոցառումների` ոչ, բայց չեն խոչընդոտում դրանց անցկացումը։ Այդ պատճառով բնականոն աշխատանք է ընթանում», - ասել է նա «Եկամուտների լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդման արդիական հարցեր» միջազգային համաժողովի շրջանակում։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։