ՀՀ–ն 21-րդ դարում էլ բախվեց հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ ընդգծվում է, որ չնայած գործադրվող ջանքերին, ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայաստանը 21-րդ դարում էլ` 2020-2023 թվականներին բախվեց հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին, երբ 150 հազարից ավել հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման հետևողական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց և ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը։ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել։
Ընդգծվում է, որ չնայած գործադրվող ջանքերին, ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է։

«Հաշվի առնելով ժամանակակից աշխարհում ցեղասպանության ռիսկերն ու արձանագրվող դեպքերը, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների բազմաթիվ այլ օրինակները՝ Հայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում»։

ԱԳՆ-ն հիշեցնում է, որ 1915 թվականից սկսած՝ երիտթուրքական կառավարության իրականացրած մարդկության դեմ հանցագործության հետևանքով շուրջ 1,5 միլիոն հայ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, սպանվեցին միայն իրենց ազգային պատկանելիության՝ հայ լինելու հիմքով: Միլիոնավոր հայեր զրկվեցին իրենց սեփականությունից և պատմամշակութային ու հոգևոր նյութական արժեքներից:
Նշվում է, որ հայության դեմ իրականացված այս ոճրագործությունը հետագայում հիմք դարձավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» միջազգային կոնվենցիայի սահմանման համար։