Հայոց ցեղասպանության օրը խորհելու և հիշելու ժամանակն է. Ջասթին Թրյուդո

Ջասթին Թրյուդոն Ծիծեռնակաբերդում. Արխիվային լուսանկար
Կանադայի վարչապետը շեշտել է, որ իրենց երկրում ապրիլ ամիսը նշվում է որպես ցեղասպանության, հիշողության ու դատապարտման միամսյակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել։ Տեղեկությունը հայտնում է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը։
«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին` նշելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Մենք անդրադառնում ենք պատմության այս մռայլ էջին, հարգանքի տուրք ենք մատուցում մահացածներին: 20 տարի առաջ Կանադայի կառավարությունը միացավ միջազգային հանրությանը՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանության պատմական և ողբերգական իրականությունը»,– ասված է ուղերձում։
Թրյուդոն ընդգծել է, որ Կանադայում ապրիլը նշվում է որպես ցեղասպանության, հիշողության, դատապարտման և կանխարգելման միամսյակ, որը հիշեցնում է անտարբերության հետևանքների մասին: Շեշտել է` պետք է դիմակայել ատելությանը և պաշտպանել բազմազանությունը, ներառականությունը և մարդու իրավունքները, քանի որ դա ընդհանուր, հավաքական պատասխանատվությունն է:
«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մտորումների և հիշատակի ժամանակ է։ Նշելով այս հանդիսավոր օրը` ես կոչ եմ անում բոլոր կանադացիներին տեղեկանալ այն իրադարձությունների մասին, որոնք հանգեցրին մարդկության այս անիմաստ կործանմանը: Եկեք կառուցենք հասարակություն, որտեղ բոլորն իրենց ապահով կզգան խտրականությունից և բռնությունից»,– ասել է Կանադայի վարչապետը։
Հիշեցնենք, որ Կանադան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Համայնքների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) մակարդակով 1996 և 2004 թվականներին, Սենատի մակարդակով` 2002 թվականին, կառավարության մակարդակով` 2006 թվականին: Կանադան ճանաչել է 2014 թվականին Սինջարում եզդիների ցեղասպանությունը։